Ինքնահիշում - Մաս 2

Գիտակցությունն ունի աստիճաններ։ Երբ մարդը ամուր բռնում է ներկան, գիտակցությունն աստվածային է։ Երբ մարդը բացասական վիճակում է և նվաստացնում է իրեն, գիտակցությունը շատ ցածր է։ Ինքդ քեզ ծաղրելն ինքդ քեզ հիշել չէ, դա պարզապես ժամանակի վատնում է։

Մեղքի զգացում ունենալը՝ դա նույնպես ինքնահիշում չէ։ Հետաքրքրական է, որ այն, ինչ մենք պետք է անվանենք ինքնաուսումնասիրություն, իրականում մարդու «ես»-ի ուսումնասիրությունը չէ, այլ մեքենայի առանձնահատկությունների ուսումնասիրությունը։ Այն, ինչ մարդը դիտարկում է, իր «ես»-ը չէ՝ լինի դա դրական, թե բացասական։ Այն, ինչը դիտարկում է, դա՛ է մարդու «ես»-ը։

Արթնացումն էմոցիոնալ գործընթաց է, և շփումը պետք է լինի էմոցիոնալ։ Այն տառապանքը, որ մենք ապրում ենք, պետք է իրական լինի, քանի որ այն վիճակները, որ մենք ստեղծում ենք, իրական են։ Հաճելի չէ համոզվել սրանում, և, այդուհանդերձ, դա օրհնություն է։ Շփումը կարող է անեծք թվալ, մինչև մենք սկսենք գիտակցել դրա հետևում կանգնած մեծ գաղափարը։ Ո՞րն է այդ մեծ գաղափարը։ Անմահությունը։ Կարո՞ղ է արդյոք որևէ բան համեմատվել դրա հետ։

Մարդը պետք է հարցնի իրեն. «Արդյո՞ք ես հիշում եմ ինձ»։ Եթե դուք բացասական վիճակ եք վերապրում և փոխում եք ձեր մտքի կամ զրույցի թեման, կարող եք դիտարկել, որ մեքենան կնույնականանա և նույն բուռն ուժգնությամբ բացասական կդառնա նոր թեմայի նկատմամբ։ Այսպիսով, դուք պետք է վերահսկեք բացասականության աղբյուրը, իսկ աղբյուրը ճանաչել սովորում եք՝ դիտարկելով թեման։ Մենք հասկանում ենք ինքնահիշումը փորձերի և սխալների միջոցով։

Արթնացումն իրականում բավականին պարզ է, թեև կեղծ անձնավորությունը ցանկանում է բարդացնել այն։ Ինքնահիշումն աննկատ է. մարդու վերին կենտրոնները գիտակցում են թե՛ իրենք իրենց, թե՛ այն առարկաները, որոնց նայում են։ Դպրոցները սովորական հնարավորություններով սովորական մարդկանց համար են։ Ինքդ քեզ հիշելու գեղեցկությունն այն է, որ այն անկախ է թեմայից և միշտ հասանելի է մեզ։

Մեռյալներին կյանքի վերադարձնելն ինքդ քեզ հիշելու ճշմարիտ իմաստն է։ Հիշողությանը շատ քիչ բան կարելի է վստահել։ Մանրամասները հիշելու դժվարության պատճառներից մեկն այն է, որ դրա փոխարեն մենք փորձում ենք հիշել ինքներս մեզ։ Վերին կենտրոնի զարգացման համար մարդուն անհրաժեշտ է արտաքին հաշվի առնում։ Մեր մասնագիտացումն ինքնահիշումն է։ Այդ պատճառով մենք հաճախ միջակ ենք այլ ոլորտներում։

Երբեք մի՛ կարծեք, թե որևէ արտաքին գործողություն կամ ձեռքբերում ավելի կարևոր է, քան ինքդ քեզ հիշելը։ Երբեք բացասական էմոցիայի արտահայտումն արդարացված մի՛ համարեք։ Փորձե՛ք ինքնահիշումը բերել ինչպես փոքր, այնպես էլ մեծ նպատակների մեջ։

Մենք մեր մեջ կրում ենք արարման սկիզբն ու ավարտը։ Այն բազմաթիվ դիտարկումներից, որ մարդն անում է համակարգին հանդիպելիս, ամենատարօրինակն այն է, որ մարդուն պետք է սովորեցնել հիշել իրեն։

Ո՞րն է մեր մեքենաների մեջ լարվածության ծագումը, և ինչպե՞ս կարելի է այն օգտագործել ինքդ քեզ հիշելու համար։ Մենք ապրում ենք մեխանիկական դարաշրջանում, որը լարվածություն է ծնում։ Արթնանալու համար մարդու մեքենայի ներսում պետք է լարվածություն լինի։ Խթանելով կենտրոնների ճիշտ աշխատանքը՝ ինքդ քեզ հիշելը նվազեցնում է լարվածությունը։ Մարդը կարող է փորձել կառավարել շարժողական կենտրոնը՝ թուլացնելով դեմքի մկանները, քանի որ ամուր սեղմված բերանը, որը հազվադեպ է հանդիպում նորածինների մոտ, լարվածության նշան է։

Ընդհանուր առմամբ, ինքդ քեզ հիշելը պետք է սկիզբ առնի էմոցիոնալ կենտրոնի ինտելեկտուալ մասում, քանի որ ինքդ քեզ հիշելն էմոցիոնալ փորձառություն է։ Մարդը կարող է կառավարել էմոցիոնալ կենտրոնը, եթե չարտահայտի բացասականություն, և ի վերջո էությունը դուրս կմղի բացասական էմոցիաները։

Փորձե՛ք խուսափել ամենօրյա հրաշքների հանդեպ քնած լինելուց։ Բարեբախտաբար, մարդը կարող է ստեղծել լինելիություն առանց գիտելիքի։ Ինքնահիշելու բնույթը հասկանալու համար պահանջվում է որոշակի թվով տարիներ։ Մարդը կարող է լիովին հասկանալ ինքնահիշումը միայն այն ժամանակ, երբ նրա «ես»-ը հիշում է ներկա լինել։ Մեր մեքենաները կարծում են, թե վերին կենտրոնների փորձառությունը և դրանց զարգացման համար պահանջվող տառապանքի տրանսֆորմացիան վերապահված են մեկ ուրիշին. սակայն դրանք վերապահված են ձեզ։ Երբ մարդն իսկապես աշխատում է, բացասական իրավիճակները փրկօղակ են։

Համակարգը պետք է բավականին պարզ լինի, որպեսզի հասնի մեզ։ «Ես»-ն անկախ է թեմայից։ Նույնիսկ աշխատանքային «ես»-երն ինքդ քեզ հիշել չեն։ ինքնահիշման գեղեցկություններից մեկն այն է, որ այն միշտ կարող է հայտնվել՝ անկախ թեմայից. դա ուշադրությունը բաժանելու հարց է։

Ինքնահիշման մասին խոսելն ինքդ քեզ հիշել չէ։ Համակարգը սովորեցնում է մեզ անցնել բառերից այն կողմ։

Ժամանակի ընթացքում դուք կկարողանաք նվազագույնի հասցնել այն, ինչը շեղում է ձեզ ներկա լինելուց, և ձեր հոգին ուժ կստանա։ Որքան ավելի շատ եք հիշում ձեզ, այնքան ավելի շատ եք ունակ հիշելու ձեզ։ Ուսմունքի մեջ առաջին տարվանից հետո մարդն ավելի լավ է օգտագործում երկրորդ տարին, երկրորդից հետո՝ ավելի լավ է օգտագործում երրորդը։

Թվում է, թե ժամանակը կանգ է առնում, երբ մարդը հիշում է իրեն. իրականում մարդը շարժվում է ամենաեծ արագությամբ՝ պարզապես լինելով այնտեղ, որտեղ ինքը կա։

Երբ ուտում եք, զգացե՛ք ձեր սննդի համը։ Երբ լսում եք, ստիպե՛ք ձեր ականջներին աշխատել և մի՛ թողեք, որ դրանք պարզապես անգործ մնան։ Նայե՛ք ակտիվ, ոչ թե պասիվ տեսողությամբ։ Ձեր սիրտը կառաջնորդի ձեզ, և այն գիտի՝ ինչն է ճիշտ։

Ինքդ քեզ հիշելու ձեր նպատակի հաստատումն առաջին ուժն է, մեքենայի իներցիան երկրորդ կամ ժխտող ուժն է, իսկ տառապանքի տրանսֆորմացիան՝ երրորդ ուժը։

Ինտելեկտուալ կենտրոնի ինտելեկտուալ մասը՝ ագուռի թագավորը, երկչոտ գործիք է, որը մենք հազվադեպ ենք օգտագործում։ Ինքդ քեզ հիշելը՝ որպես ստեղծագործական գործընթաց, պահանջում է նրա հայտնվելը։ Մարդու կառավարիչը, որը գտնվում է էմոցիոնալ կենտրոնի ինտելեկտուալ մասում, դիմում է ագուռի թագավորին՝ մարդու հոգին արթնացնելու համար։

Ի վերջո, ձեր և ինքդ քեզ հիշելու միջև ոչինչ կանգնած չէ, բացի հենց ձեզնից։

Որքան ավելի շատ է մարդը փոխում իր լինելիությունը, այնքան ավելի շատ է կենտրոնանում ինքնահիշումը վերականգնելու և կենտրոնները կառավարելու վրա։ Ինքդ քեզ հիշելու մասին խոսելը բավարար չէ, թեև նույնիսկ դա է հազվադեպ։ Մարդը պետք է սովորի արժևորել դա ամեն ինչից վեր և փորձի լինել այդ բառերը։ Խոսքը երբեմն ապարդյուն է, քանի որ գիտակցությունը ֆունկցիաներ չէ։ Հարկավոր է օգտագործել բառեր, բայց ոչ չափազանց շատ։ Դա նուրբ հավասարակշռություն է։

Մարդը կարող է սպանել ինքնահիշումը մեծ կամ փոքր ձևերով. ավելորդ խոսքը սպանում է այն փոքր ձևերով։ Լռությունը մեր գործն է, և հենց այդտեղ պետք է տեղի ունենա իրական աշխատանքը։ Ինքդ քեզ հիշելու եղանակներից մեկն ուրիշ մարդկանց լսելն է, երբ նրանք խոսում են։ Այդպիսի պարզ միտք, բայց եթե այն դառնա սովորություն, կփոխի մարդու լինելիության մակարդակը։ Հուսանք, որ նրանք ասելու բան ունեն և կարճ պատմությունը չեն երկարացնի։


Ինքնահիշման մասին մեկնաբանություններից մեկը պատկանում է Ուոլթ Ուիթմենին, թեև նա դա չի անվանել ինքնահիշում. «Եվ այժմ ընդունման խորունկ դասը՝ ո՛չ նախապատվություն, ո՛չ մերժում»։ Այսինքն՝ պարզապես ընդունե՛ք այն, ինչ առաջարկում է յուրաքանչյուր պահը։

Ինքդ քեզ հիշելը ստեղծում է կենտրոնների ինտելեկտուալ մասերի միասնություն։ «Ես»-ը վերահիշվում է, վերահավաքվում, և մենք գտնվում ենք միասնության վիճակում։ Ինքդ քեզ հիշելը պետք է աշխատի յուրաքանչյուր պարզ պահի հետ, քանի որ գլխավորապես դրանք են կազմում մարդու կյանքը։ Կեղծ անձնավորությունը կարող է սպասել մեծ իրադարձությունների և լիովին ձախողվել։

Ինքդ քեզ հիշելը շատ զուսպ փորձառություն է։ Երբ գաղափարները դառնում են չափազանց բարդ, ուրեմն մարդու աշխատանքի մեջ է մտել կեղծ անձնավորությունը։ Ինքդ քեզ հիշելը նաև անձնական փորձառություն է, և թեև օբյեկտիվ գիտելիքն անձնական չէ, դրա հավաստումը միանգամայն անձնական է։ Ինքդ քեզ հիշելը սենսացիոն չէ, բացասական էմոցիաների տրանսֆորմացիան սենսացիոն չէ, բայց այդ ջանքերի միջոցով ստեղծվում է «մեծագին մարգարիտը»։

Մենք այն ենք, ինչը դիտարկում է, և ոչ թե այն, ինչը դիտարկում ենք. երջանիկ միտք է։ Այն, ինչը դիտարկում է մարդու մեքենան, մարդու «ես»-ն է, և այն, ինչը տրանսֆորմացնում է տառապանքը, մարդու «ես»-ն է։ Անբառ մի բան լուռ նայում է մարդու միջից։

Այն, ինչին մարդն իսկապես տիրապետում է, առանց բառերի է և նայում է մարդու ճակատից։ Դա մարդու մանուկ «ես»-ն է՝ տեղակայված սուրբ քունքերի միջև՝ կոնաձև գեղձում։ Ոչ մի փորձառություն չի կարող համեմատվել սեփական արթնացման հետ։ Մեծ ճշմարտությունը՝ մեծ ստի մեջ։

Ինքնահիշումը մեզ համար նշանակում է կյանք կամ մահ։ Ինքնահիշման պետք է անսպառ կերպով ձգտել ամբողջ կյանքի ընթացքում։ Երբ շարժվում ենք դեպի մահ, մենք գիտակցում ենք, որ այն ամենը, ինչ կարող ենք մեզ հետ տանել, մեր «ես»-ն է։

Արդյո՞ք երախտագիտություն հայտնելն ինքդ քեզ հիշելու ձև է։ Մարդը չի կարող երախտամոռ լինել և հիշել իրեն։ Ժամանակի ընթացքում երախտագիտությունն ուղեկցում է ինքդ քեզ հիշելուն։ Իր կյանքի մայրամուտին Ուոլթ Ուիթմենը գրել է. «Դրա համար, ո՛վ Աստված, թող սա լինի իմ վերջին խոսքը, այստեղ՝ ծնկներիս վրա, ծեր, աղքատ և անդամալույծ, ես շնորհակալ եմ Քեզ»։

Երկրի վրա կա ութ միլիարդ մարդ, և նրանց մտքով անգամ չի անցնում հիշել իրենց կամ իրենց հոգիները։ Կարելի է տեսնել, թե որքան խավարամիտ են մարդկանց ուղեղները։

Մեզ համար տեմպն արագանում է։ Որքան ավելի շատ է մարդը հիշում իրեն, այնքան ավելի շատ է ունակ հիշելու իրեն, քանի որ ինքդ քեզ հիշելը կուտակային գործընթաց է։ Մենք կարող ենք ներմուծել այն ցանկացած պահի, և այն ճեղքում-անցնում է ամեն ինչի միջով՝ հասնելով գոյության բուն իմաստին։

Ինքնահիշման մասին մտածելու գեղեցիկ ձև է. «Սիրի՛ր այն, ինչին վերադառնում ես»՝ այն թելը, որին մենք վերադառնում ենք մեր ողջ կյանքի ընթացքում։ Ամեն ինչ անցողիկ է, բացի մարդու «ես»-ից։ Ոչինչ ինքնահիշում չէ, բացի ինքդ քեզ հիշելուց։

Ջորջ Քեյթսին՝ «Առատության տարիները» (The Years That Were Fat) և «Չինական տնային կահույք» (Chinese Household Furniture) գրքերի հեղինակին, կյանքի վերջում՝ իննսունչորս տարեկան հասակում, հարցրին, թե արդյոք նա կարոտում է Չինաստանը։ Նա պատասխանեց. «Մի՛ կարծեք, թե ես Չինաստան վերադառնալու ցանկություն ունեմ։ Այն Չինաստանը, որ ես գիտեի, այլևս այնտեղ չէ։ Բայց այն Արևմուտքը, որ ես գիտեի, նույնպես այլևս այնտեղ չէ... Ես ոչ մի կարոտ կամ տուն վերադառնալու տենչ չունեմ մի աշխարհի հանդեպ, որն անցել-գնացել է։ Այն անցել-գնացել է բոլորի համար։ Ես կարող էի ինձ համար կարոտախտով լի կյանք ստեղծել, բայց ես դրան անվստահությամբ եմ վերաբերվում։ Մենք պարտավոր ենք ապրել ներկայում, և ես ուզում եմ ապրել նրա հետ հաճելի հարաբերությունների մեջ»։

Սերը հզոր երևույթ է, իսկ ինքդ քեզ հիշելու բացակայությունը բացահայտում է սիրելու անընդունակություն։ Գլխավոր եղանակը, որով մարդը կարող է օգնել ուրիշներին, ինքն իրեն հիշելն է։

«Չորրորդ ուղու տեսությունն ու կիրառությունը․ ներածական դասախոսություն»

Տևողությունը՝ 60-75 րոպե Մասնակցությունն անվճար է