Բաժանված ուշադրություն

Բաժանված ուշադրությունը հենց ինքնահիշումն է։ Դուք այն եք, ինչը դիտարկում է, այլ ոչ թե այն, ինչ դուք դիտարկում եք։ Այն, ինչին մենք նայում ենք, երբեք իրական չէ, բայց այն, ինչը նայում է մեր միջոցով՝ բաժանված ուշադրությամբ, իրական է։ Երբ մենք բաժանում ենք մեր ուշադրությունը, մենք արարման այլ կարգ ենք, և վերին աշխարհները՝ Աշխարհ 6-ը կամ Աշխարհ 12-ը, աշխատում են մեր ներսում։ Մենք անցկացնում ենք մեր կյանքը՝ մի լեշ քարշ տալով մեզ հետ և փորձելով նրանից բաժանված ուշադրություն կորզել։

Յուրաքանչյուր ոք, ով զբաղված չէ իր հոգին կառուցելու գործով, սխալ գործով է զբաղված, որովհետև իսկապես գործի մեջ լինելու միակ ճանապարհը ներկա լինելն է։ Բաժանված ուշադրությունը մնում է պատասխանը ցանկացած օր, ցանկացած դարում և ցանկացած երկրում։ Վաղը կլինի այն, ինչ այսօր է. ոչինչ երբեք ներկայից ավելի լավ չի դառնում։

Ուղի մտած աշակերտի կյանքը պտտվում է իր ուշադրությունը բաժանելու ջանքի շուրջ։

Ինքնահիշումը պահպանելու համար մարդն աշխատում է դրա վրա իր կյանքի ամեն օրը։ Երբեք ոչնչի համար մի՛ զոհաբերեք բաժանված ուշադրությունը, որովհետև ամեն ինչ երկրորդական է ուշադրությունը բաժանելու և հոգի ստեղծելու համեմատ։ Բաժանված ուշադրությունը պետք է ուղեկցի մարդուն ողջ օրվա ընթացքում՝ անկախ տվյալ պահի զբաղմունքից։

Ցավոք, մենք հակված ենք լինելու երևակայության մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ կարդում կամ լսում ենք Աշխատանքի գաղափարների մասին։ Մեր միտքը թափառում է, երբ մենք չենք բաժանում մեր ուշադրությունը։ Մենք կարող ենք երևակայության մեջ լինել այսօր ավելի վաղ տեղի ունեցած ինչ-որ բանի կամ վաղը գուցե ի հայտ եկող մի խնդրի շուրջ։ Երևակայության մեջ ընկնելուց խուսափելու համար անհրաժեշտ է կիրառել աննկատ կամավոր տառապանքի գործիքը։ Կարող եք գործել աննկատ. ընդունեք փոքր-ինչ անհարմար կեցվածք՝ նստելով աթոռի վրա մի փոքր դեպի ձախ, կամ մի փոքր դեպի աջ, կամ մի փոքր առաջ։ Խաչեք ձեր ոտքերը, եթե սովորաբար այդպես չեք անում։ Մարդը պետք է ստեղծի բազմաթիվ փոքր ցնցումներ, քանի որ նրա կյանքում կան այդքան շատ փոքր պահեր։

Ուշադրությունը բաժանելու փորձը մարդուն վեր է նետում կյանքի մակարդակից անդին։ Մենք մարդիկ ենք, ովքեր կենտրոնանում են բաժանված ուշադրության վրա որպես ինքնին պարգևի. դա մեր իրական մասնագիտացումն է, բայց այն երբեք տեսանելի չի լինի մարդկության զանգվածի համար։ Ինքնահիշման բնույթին հատուկ է աննկատ լինելը, սակայն նրա տված արդյունքները խորքային են։

Բաժանված ուշադրությունը մեր ամենայնն ու ամեն ինչն է՝ երկրի վրա կյանքի թաքնված իմաստը։ Մենք այնքան ենք կլանված մեր փոքր աշխարհներով, որ չենք կարող զգալ ավելի մեծ աշխարհները։

Մարդու էվոլյուցիայի որոշակի կետում ամեն ինչ անհեթեթություն է բաժանված ուշադրության համեմատ։ Ծիծաղելի կատակ է որևէ բանով շեղվելը, բայց այդ կատակի զոհը հենց մենք ենք։ Եթե շեղումները չափազանց լուրջ են դառնում, դրանք վերածվում են չար կատակի։

Երբեք ոչնչի համար մի՛ զոհաբերեք բաժանված ուշադրությունը, որովհետև ամեն ինչ սուտ է՝ բացի բաժանված ուշադրությունից։ Երկրի վրա ապրող ութ միլիարդ մարդիկ չեն փորձում բաժանել ուշադրությունը։ Մարդիկ ստանում են այն, ինչ ուզում են, և որ նրանք, ովքեր դպրոց են ուզում, ստանում են դպրոց։

Յուրաքանչյուր պահ նույնքան արժեքավոր է, որքան մեր վերջին օրը։ Գուցե այսօր մենք կարող ենք մեր մեքենաներից խնամքով ավելի շատ բաժանված ուշադրություն կորզել, քան երբ յոթանասուն տարեկան լինենք։ Մահը սրբում-տանում է ամեն ինչ։ Ահա թե ինչու են մեր բաժանված ուշադրության պահերն այդքան թանկարժեք. մահը չի կարող դիպչել դրանց։

Մենք միկրոկոսմոս ենք՝ մարդ, և երկրի վրա միակ էակներն ենք, որ կարող ենք երկիցս ծնված դառնալ։ Ինչպես թրթուրն է մեխանիկորեն վերածնվում որպես թիթեռ, այնպես էլ մենք՝ բաժանված ուշադրության միջոցով, կարող ենք վերածնվել գիտակցաբար։

Բաժանված ուշադրությունն անմիջական արդյունքներ չի տալիս, և վերին կենտրոնները չեն կարող ի հայտ գալ առանց երկար տարիների համառ ջանքերի։ Արթնանալը դժվար է, սակայն դա հնարավոր է անել։ Մարդը չի կարող արթնանալ, քանի դեռ լիակատար նվիրվածություն չի ցուցաբերել իր էվոլյուցիային։ Եթե մարդը կարծում է, թե մասնակի միջոցները բավարար են, նա խաբում է ինքն իրեն։

Առանց բաժանված ուշադրության ամեն ինչ սուտ է։

Մտածեք ձեր կյանքի բոլոր կանգառների, հապաղումների և դադարների, ամբողջ վատնված ժամանակի մասին։ Մարդը կարող է համոզվել, որ իր ուշադրությունը բաժանելու բազմակի փորձերը թարմ էներգիա են բերում՝ դիտարկելով այն ներքին վերելքը, երբ բացասական էմոցիաները հանդարտվում են։

Էպիկտետոսը համարձակորեն ասել է. «Ցո՛ւյց տվեք ինձ այն հմայքը, որը կարող է հաղթել մահվանը»։ Այդ հմայքը բաժանված ուշադրությունն է։

Երեխաներն էության մեջ են, բայց նրանց էությունը հմայվածության վիճակում է։ Սակայն րրբ դուք եք էության մեջ, պետք է փորձել բաժանել ուշադրությունը։ Փորձեք նայել ծաղիկներին և, միևնույն ժամանակ, գիտակցել, որ դուք նայում եք դրանց։ Ուշադրությունը բաժանելը մարդուն տեղափոխում է էության մեջ։

Մարդը չի կարող անել։ Մարդկությունը քաջարի ջանքեր է գործադրում անելու համար, բայց այն ամենը, ինչ նա անում է, մեխանիկական է։ Ինչպե՞ս կարող էր մարդկությունն անել առանց բաժանված ուշադրության։ Քանի որ մարդիկ չունեն բաժանված ուշադրություն, նրանք մնում են անօգնական տապալվելիս, և որքան ավելի շատ է մարդկությունը կարծում, թե կարող է անել, այնքան ավելի հեռու է ճշմարտությունից։

Երբ մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր կյանքում լավ են դրսևորվում, նրանց ուշադրությունը կենտրոնացված է, բայց ոչ բաժանված։ Այն, ինչին մենք հուսահատորեն ձգտում ենք, բաժանված ուշադրությունն է, որովհետև եթե մարդը բաժանում է ուշադրությունը, նրա հոգին ներկա է։

Իսկ իրական լարվածության ներքո ողջ փիլիսոփայական իմաստությունը տեղի է տալիս կառավարող ունակության՝ հոգու կամ վերին կենտրոնների լուռ տոկունության առջև։ Մարդիկ հետապնդում են իրենցից դուրս, այլ ոչ թե իրենց ներսում գտնվող բաները, ինչով էլ բացատրվում են այն բազմաթիվ ողբերգությունները, որոնց մենք ականատես ենք լինում։ Ապշեցուցիչ է տեսնել, թե ինչն է գրավում մեր ուշադրությունը, մինչդեռ ամեն ինչ պետք է երկրորդական լինի ուշադրությունը բաժանելու և հոգի ստեղծելու համեմատ։ Այն, ինչ C ազդեցությունն ակնկալում է մեզանից, բաժանված ուշադրությունն է, և հենց դրանում էլ մենք պետք է գերազանցենք. ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ։ Մենք պետք է առարկայի բովանդակությունից անդին անցնենք՝ հասնելով դրա հետևում թաքնված մեկ այլ ուղերձի։ Մենք բանտում ենք այնքանով, որքանով չգիտենք, որ դա բանտ է, և միայն բաժանված ուշադրությունը կարող է ճեղքել այդ պատերը։

Մարդկությունը դարերի ընթացքում հիմնականում մնում է նույն մակարդակի վրա և զբաղված է ամենուր գնալով, բացի ներկայից։ Մարդկությունը ստիպված է մնալ պատահականության օրենքի ներքո, որովհետև չգիտի ինքնահիշման և ուշադրությունը բաժանելու մասին և վատնում է իր էներգիան՝ գլխավորապես բացասական էմոցիաներ արտահայտելով։ Մենք պետք է ձգտենք հավերժական կյանքի, այլապես կընկնենք հավերժական խավարի մեջ։

Ինչո՞վ է ինքնահիշումը տարբերվում բաժանված ուշադրությունից։ Բաժանված ուշադրությունը հենց ինքնահիշումն է. դրանք հոմանիշներ են։ Բաժանված ուշադրության վիճակն ընդգրկում է էմոցիաների լայն սպեկտր։ Յոհան Սեբաստիան Բախը ստեղծել է որոշ երկեր, որոնք բնորոշվում են խորը էմոցիաներով, մինչդեռ մյուսները հովվերգական են։ Նույն կերպ էլ հոգին ունի բազմաթիվ երանգներ։

Ինքնահիշում նշանակում է, որ մարդը գիտակցում է թե՛ իրեն և թե՛ այն, ինչին նայում է։ Եթե մարդը նայում է որևէ առարկայի՝ առանց իրեն գիտակցելու, նա գտնվում է հմայվածության վիճակում, որը քնի և վերին կենտրոնների միջև եղած վերջին պատնեշներից մեկն է։

Մարդը կարող է քնած լինել համակարգի մասին խոսելիս։ Դա քնելու տարօրինակ ձև է, քանի որ մոտ է աստվածայինին։ Այնուամենայնիվ, եթե մարդը չի փորձում բաժանել իր ուշադրությունը, անկախ գործունեության բնույթից, նա քնած է։ Մեկ ուրիշի խոսելու ընթացքում սեփական թափառող միտքը կառավարելու փորձը կարող է հենակետ հանդիսանալ ուշադրությունը բաժանելու համար, քանի որ նման պահերին մեքենան ուժեղ հակում ունի երևակայության մեջ մտնելու. դա ակտիվ ուժ լինելու նրա սխալ ուղղորդված ձևն է։ Էպիկտետոսն ասել է, որ մարդուն տրվել է երկու ականջ և մեկ լեզու, որպեսզի նա լսի երկու անգամ ավելի շատ, քան խոսում է։ Բացի այդ, երբ մարդը հինգ կամ տասը րոպե անց չի կարողանում հասկանալ որևէ գաղափար, կարելի է օգուտով հրաժարվել դրանից, որովհետև այն զբաղեցնում է բաժանված ուշադրության տարածքը։ Ամեն ինչ պակաս բարդ կդառնա, եթե մարդը կարողանա բաժանել իր ուշադրությունը և անկողմնակալորեն դիտարկել։

Ուիլյամ Բլեյքն ասել է. «Ողջ արարչագործությունը հառաչում է՝ սպասելով իր ազատագրմանը»։ Բնության մեջ ամեն ինչ մղված է գոյության, բայց չգիտի, թե ուր գնալ։

Երբ դուք գտել եք ժամանակին տիրապետելու հմայքը՝ բաժանված ուշադրությունը, դուք դադարում եք տեղում դոփել և սկսում եք հաղթել նրան։ Ժամանակը չի կարող ջնջել ձեր ներկայության պահերը։ Քանի որ դուք միկրոկոսմոս-մարդն եք, դուք պետք է մահվան կետին մոտենաք միայնակ։

Դուք այն դերը չեք, որը խաղում եք։ Ուշադրությունը բաժանելու միջոցով դուք կարող եք խուսափել մահից։

Արթնանալուն զուգընթաց երկու բան է ակնհայտ դառնում. առաջին՝ որ առանց բաժանված ուշադրության իսկապես ոչ մի հույս չկա, և երկրորդ՝ թե որքան մեծ է C ազդեցությունը։ 

Ո՞ր ժամանակը հարմար ժամանակ չէ ուշադրությունը բաժանելու համար։

«Չորրորդ ուղու տեսությունն ու կիրառությունը․ ներածական դասախոսություն»

Տևողությունը՝ 60-75 րոպե Մասնակցությունն անվճար է