Գիտակցության չորս վիճակներ


Դասախոսություններից մեկի ժամանակ պ. Գյուրջիևն վերադարձավ գիտակցության հարցին։

«Մարդու ո՛չ հոգեկան, ո՛չ ֆիզիկական ֆունկցիաները հնարավոր չէ հասկանալ,— ասաց նա,— քանի դեռ չի ըմբռնվել այն փաստը, որ երկուսն էլ կարող են գործել գիտակցության տարբեր վիճակներում։

Ընդհանուր առմամբ, մարդու համար հնարավոր է գիտակցության չորս վիճակ» (նա շեշտեց «մարդ» բառը)։

«Սակայն սովորական մարդը, այսինքն՝ մարդ համար մեկը, համար երկուսը և համար երեքը, ապրում է գիտակցության միայն երկու ստորին վիճակներում։ Գիտակցության երկու բարձրագույն վիճակներն անհասանելի են նրան, և թեպետ նրա մոտ կարող են լինել այդ վիճակների առկայծումներ, նա անկարող է հասկանալ դրանք և դրանց մասին դատում է այն վիճակների տեսանկյունից, որոնցում նրա համար սովորական է գտնվել։

Գիտակցության երկու սովորական, այսինքն՝ ստորին վիճակներն են. առաջինը՝ քունը, այլ խոսքով՝ պասիվ մի վիճակ, որում մարդն անցկացնում է իր կյանքի մեկ երրորդը և շատ հաճախ՝ կեսը։ Եվ երկրորդը՝ այն վիճակը, որում մարդիկ անցկացնում են իրենց կյանքի մյուս մասը, որում նրանք քայլում են փողոցներով, գրքեր գրում, զրուցում վեհ թեմաներով, զբաղվում քաղաքականությամբ, սպանում միմյանց, և որը նրանք համարում են ակտիվ ու անվանում «պարզ գիտակցություն» կամ «գիտակցության արթուն վիճակ»։ «Պարզ գիտակցություն» կամ «գիտակցության արթուն վիճակ» եզրույթը կարծես թե տրվել է հեգնանքով, հատկապես երբ գիտակցում ես, թե իրականում ինչպիսին պետք է լինի պարզ գիտակցությունը, և թե ինչպիսին է իրականում այն վիճակը, որում մարդն ապրում և գործում է։

Գիտակցության երրորդ վիճակը ինքնահիշումն է կամ ինքնագիտակցությունը կամ սեփական կեցության գիտակցումը։ Ընդունված է կարծել, թե մենք ունենք գիտակցության այս վիճակը, կամ որ կարող ենք ունենալ այն, եթե ցանկանանք։ Մեր գիտությունն ու փիլիսոփայությունն անտեսել են այն փաստը, որ մենք չենք տիրապետում գիտակցության այս վիճակին և չենք կարող այն ստեղծել մեր մեջ միայն ցանկությամբ կամ որոշմամբ։

Գիտակցության չորրորդ վիճակը կոչվում է օբյեկտիվ գիտակցության վիճակ։ Այս վիճակում մարդը կարող է տեսնել իրերն այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Այս գիտակցության վիճակի առկայծումներ ևս պատահում են մարդու մոտ։ Դեպի օբյեկտիվ գիտակցություն տանող միակ ճիշտ ուղին ինքնագիտակցության զարգացումն է։ Եթե սովորական մարդուն արհեստականորեն բերեն օբյեկտիվ գիտակցության վիճակի և հետո վերադարձնեն իր սովորական վիճակին, նա ոչինչ չի հիշի և կկարծի, թե որոշ ժամանակով կորցրել էր գիտակցությունը։ Բայց ինքնագիտակցության վիճակում մարդը կարող է ունենալ օբյեկտիվ գիտակցության առկայծումներ և հիշել դրանք։

Մարդու մեջ գիտակցության չորրորդ վիճակը նշանակում է կեցության բոլորովին այլ մակարդակ. դա ներքին աճի և սեփական անձի վրա երկարատև ու դժվարին աշխատանքի արդյունքն է։

Գիտակցության երրորդ վիճակը կազմում է մարդու բնական իրավունքն այնպիսին, ինչպիսին նա կա, և եթե մարդը չունի այն, ապա միայն իր կյանքի սխալ պայմանների պատճառով։ Առանց որևէ չափազանցության կարելի է ասել, որ ներկայումս գիտակցության երրորդ վիճակը մարդու մոտ ի հայտ է գալիս միայն չափազանց հազվադեպ առկայծումների տեսքով, և որ այն կարող է նրա մեջ դառնալ քիչ թե շատ մշտական միայն հատուկ ուսուցման միջոցով»։